Համշէներէնը Համշէնցիների Ընդհանուր Ինքնութիւնն Է
Չայէլիի Ռաշոտ շրջանում խօսող 10-15 հոգուն չհաշուած` Արդուինի շրջաններից դուրս ապրող համշէնցիները համշէներէն (հայերէնի Համշէնի բարբառով-«Ակունք»ի խմբ․) չեն խօսում: Ռաշոտի շրջանում խօսուող լեզուի մասին բաւարար գրառումներ, ցաւօք սրտի, դեռեւս չկան: Համշէնի լեզուն, մշակոյթը ուսումնասիրող անձանց համար առաջնային ամենակարեւոր խնդիրներից մէկը, անշուշտ, պէտք է լինի այս շրջանում վերջին լեզուակիրների խօսակցութիւնների մանրամասն ձայնագրութիւնը: Ի միջի այլոց անհրաժեշտ է նշել, որ ռաշոտցիներն իրենց լեզուն հայերէն են անուանում, ոչ թէ համշէներէն: Միաժամանակ մէկ այլ շրջան, որը մանրամասն պէտք է ուսումնասիրուի, Ֆընդըքլըի գիւղերը եւ Արտաշէնի Օջէ գիւղը պէտք է լինեն: Որովհետեւ, ինչպէս աւելի վաղ եւս նշուել էր, Ահմեթ Ֆայիք Գիւնդայի յուշերում, 1920ի դրութեամբ Համշէնի հայալեզու գիւղերի շարքում Չայէլի գիւղերի հետ միասին Ֆընդըքլը եւ Օջէ գիւղերն էլ էին հաշւուում:
Լեզուն իմացող-չիմացողի տարբերակումը կարող է ապակողմնորոշիչ լինել
Ռաշոտից դուրս գտնուող Համշէնի գիւղերում թուրքերէնի մէջ, որով խօսում են, թէեւ գիւղից գիւղ տարբերուող, այնուհանդերձ հազարաւոր բառեր դեռեւս օգտագործւում են: Անշուշտ, այս բառերի կարեւոր մասը բաղկացած է տեղանունների, կենդանիների եւ բոյսերի, գիւղական առօրեայում օգտագործուող գործիքների անուններից, աւանդական ճարտարապետութեան մէջ օգտագործուող առարկաների ու գործիքների անուններից, տոհմանուններից, ազգանուններ եւ պարզ հիմնական բայերից եւ այլն նշանակող բառերից:
Այս շրջանում օգտագործուող բառերի մեծ մասը համշէներէն խօսող համշէնցիների կողմից օգտագործուած բառերն են: Սակայն, չնայած Արդուինի համշէնցիների կողմից օգտագործուող բառերի մի զգալի թիւ յայտնի չէ, դրանց կարելի է հանդիպել Ռիզէի եւ Տրապիզոնի համշէնցիների գիւղերում օգտագործուողների մօտ: Նման իրավիճակ մեզ հանդիպում է նաեւ Աբխազիայի համշէնցիների եւ Արդուինի համշէնցիների միջեւ: Բազմաթիւ բառեր, որոնք Աբխազիայի քրիստոնեայ համշէնցիները չգիտեն եւ նոյնիսկ օգտագործում են դրանց թուրքերէնը, արաբերէնը եւ ռուսերէնը, կիրառւում են Արդուինի համշէնցիների կողմից: Օրինակ եթէ բերեմ` Աբխազիայի քրիստոնեայ համշէնցիները «հովիւ» բառի համար օգտագործում են «չոբոնը», իսկ Խոփայի համշէնցիներն ասում են «հոյիւ»: Մինչ Աբխզաիայի համշէնցիները «աքաղաղ» բառի համար «խորոզ» են կիրառում, Խոփայի համշէնցիներն օգտագործում են «աքլար» բառը: Այսինքն կան շատ բառեր, որ մենք կարող ենք սովորել նրանցից, ինչպէս նաեւ շատ բառեր, որոնք կարող են նրանք սովորել մեզանից:
ԳԱՆՁԻ ԳԻՆ ՈՒՆԵՑՈՂ ԲԱՌԱՐԱՆ
Այժմ պիտի խօսեմ մի բառարանի մասին, որը մեզ հնարաւորութիւն է տալիս համեմատելու համշէներէն խօսող Խոփայի համշէնցիների խօսուածքը այն շրջանների հետ, որտեղ համշէներէն չեն խօսում: Հասան Ուզունհասանօղլուի կողմից պատրաստած եւ «Լազի» հրատարակչութեան կողմից հրատարակուած «Թիթեռ» բառարանը մինչ այժմ ամենածաւալուն աղբիւրն է, յատկապէս Ռիզէի եւ Տրապիզոնի համաշէնական գիւղերի բառապաշարի համար: Այս բառարանը մեզ բացայայտ ցոյց է տալիս, որ շատ բան ունենք սովորելու այս շրջաններում կենդանի բառերից, եւ աւելին, այս շրջաններում ապրող համշէնցիները լուրջ կապեր ունեն համշէներէնի հետ, չնայած իրենց կրած բոլոր կորուստներին: Մի քանի օրինակ կը ցանկանայի բերել:
Խոփայում անյայտ, բայց այս տարածաշրջանում յայտնի կենդանիների անուններն են` խաչփառ (խեցգետին), արձիւ (արծիւ), ակրաւ (ագռաւ), մորեղ (մորեխ): Կենդանիներին դէպի ջուրը ուղղորդելը նշելու համար գործածւում է արեջուր բառը, եւ արեգում բառը` որը գործածւում է կենդանիներին գոմ ուղղորդելու համար. սրանք հասկանում ենք, սակայն չենք օգտագործում: Այս բառերում առկայ արէ (արի) բառը մենք գործածում ենք այլ ձեւով: Նրանք պահպանել են մեր կորցրած «ր» հնչիւնը:
Դաշտում գութանի թողած հետքի նշանակութեամբ «ագօս» բառը թէեւ անյայտ է մեզ, Խաչափիթում արձանագրուել է: Ու էլի որոշ հայերէն անձնանուններ, որոնք մենք չունենք, արձանագրուած են այս բառարանում որպէս ազգանուն եւ տեղանուն` Ագոպ, Ապել, Աւեդիք, Դատին, Դերթար, Ղազար, Հերուանիկ, Մաադիգ, Մինաս, Թումազ: Բառարանում կան տասնեակ այլ բառեր, այդ թւում` խոդնոց (յարդանոց), անկեդ (տգէտ), որոնք խոփացիները չեն կիրառում:
ՀԱՄՇԷՆԵՐԷՆԸ ՈՐՊԷՍ ԻՆՔՆՈՒԹԵԱՆ ԼԵԶՈՒ
Իրականում եթէ համշէնահայերէնի հետ ունեցած կապերի առումով համեմատուէին, կարելի կը լինէր կարծել, որ Աբխազիայում եւ Ռուսաստանում ապրող քրիստոնեայ համշէնցիների լեզուի իմացութիւնն աւելի զարգացած է, քան Արդուինի համշէնցիներինը, իսկ արդուինցիների հմտութիւններն աւելի զարգացած են, քան Թուրքիայում ապրող միւս համշէնցիներինը: Անշուշտ, յայտնի պատճառներով դա ճիշդ է: Լաւ, իսկ դա բաւարա՞ր է համշէնցիներին մայրենի լեզուի հետ կապերի վերաբերեալ դասակարգում կատարելու համար: Ըստ իս` բաւարար չէ:
Բաւարար չէ, որովհետեւ ըստ մեր գիտցածի` լեզուին չտիրապետող համշէնցիների ներկայութեան մակարդակը լեզւում մեր ենթադրածից վեր է: Այսինքն շատ համշէնցիներ գիտեն, որ այս լեզուն իրենց ինքնութեան մի մասն է, եւ դա պարզապէս անցեալի տարր չէ, այլ իրականութիւն, որի հետքերին այսօր էլ կարող են հետեւել: Քանի որ Համշէնի լեզուի եւ պատմութեան վերաբերեալ փաստերը բացայայտւում են, համշէներէնը որպէս համաշէնական ինքնութեան բաղադրիչի պահպանման միտումը շատ աւելի մեծ չափերի է հասնելու, քան այսօր է:
Հետեւաբար, մեր կողմից համշէներէն անուանուածը, Աբխազիայի համշէնցիների համշէնահայերէնը եւ ռաշոտցիների հայերէն ասածը չի կարելի համարել միայն խոփացիների կողմից խօսուող լեզու, ոչ էլ Ռիզէի ժողովրդի արդէն մեռած լեզու, որը նրանց կարծիքով մնացել է անցեալում: Այս լեզուն մէկ առ մէկ ներառում է բոլոր համաշէնական գիւղերում ծածուկ մնացած բառերն էլ, խոփացիների խօսածներն էլ, Աբխազիայի համշէնցիների խօսքերն էլ: Սա բոլորին միաւորողն է եւ պէտք է բոլորի կողմից պահպանուի որպէս մայրենի լեզու եւ որպէս բոլորի ընդհանուր ինքնութեան ամենակարեւոր բաղադրիչ:
ՄԱՀԻՐ ՕԶՔԱՆ
Թարգմանեց՝ ՏԻԳՐԱՆ ՉԱՆԴՈՅԵԱՆ
«ԱԿՈՒՆՔ»