Սաքօ Եւ Անաշէ Մեջլումեանները Հիմնարկէք Կատարեցին Նոր Դպրոցի Ուրմիայի Նազլու Գիւղում

Հինգշաբթի, 15 Յունիսի 2023ին, Ուրմիայի Նազլու գիւղում հիմը դրւեց Իրանի Իսլամական Հանրապետութեան կրթական ցանցի մի նոր դպրոցի, բարերարութեամբ տէր եւ տիկին Սաքօ եւ Անաշէ Մեջլումեանի: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:
Գիւղի կենտրոնական մասում տեղի ունեցած հիմնարկէքի արարողութեան ներկայ գտնուեցին Ատրպատականի Արեւմտեան նահանգապետի փոխանորդ դոկտ. Ռահբերդինը, քաղաքաշինութեան ընդհ. տնօրէն դոկտ. Համզելու, Դպրոցաշինութեան բարերարների միութեան նախագահ Ախունդեան, ազգային բարերար տէր եւ տիկին Էդիկ եւ Սանդրա Մեջլումեաններ՝ հանդերձ ընտանեօք, անհատ հրաւիրեալներ, ինչպէս նաեւ գիւղխորհրդի նախագահը եւ տեղի ժողովուրդը:
Հանդիսաւոր արարողութեան ընթացքին, Սաքօ Մեջլումեանը սոյն դպրոցի գլխաւոր հիմի տեղը բրիչով բացելով, հիմնարկէքը կատարեց իր նահատակ աւագ եղբօր՝ Սաքօ Մեջլումեանի անուան կառուցուելիք գիւղական դպրոցի: «Տարիների իմ երազն էր նահատակ եղբօրս համար իմ կողմից կառուցել մի դպրոց», ասաց Սաքօ Մեջլումեանը, իր խոստումը շուտով իրականութիւն դարձնելու յոյսով: Բրիչով հիմի տեղը բացեցին նաեւ դոկտ. Համզելու եւ ազգային բարերար Էդիկ Մեջլումեանը:
Հանդիսութեան ընթացքին խօսք տրուեց նաեւ ազգային բարերար Էդիկ Մեջլումեանին: Նա իր կնոջ՝ Սանդրայի հետ արդէն չորս դպրոցների բարերար էր եղել անցած տարիներին, դրանք նուիրելով իրենց նահատակ որդու՝ Սաքոյի յիշատակին: Իր խօսքում, Էդիկ Մեջլումեանը յատկապէս ասաց. «Ես ուրախ եմ, որ իմ որդին բնական ընթացքով որդեգրել է իմ ճանապարհը: Հաւատում եմ իրանցի ժողովրդի մտային բարձր կարողականութեան: Միշտ յիշում եմ իմաստունի խօսքը, թէ իր դռները բացող իւրաքանչիւր դպրոց, մի բանտի դռները կը փակի: Մեր ընտանիքը նահատակ տուեց մի փոքր երեխայ՝ Սաքօն, սակայն նրա անունը կրող մեր այս զաւակը՝ Սաքօն, իր եղբօր յիշատակին ահաւասիկ հիմը դնում է մի դպրոցի, որտեղ իր նահատակ եղբօր տարիքի երեխաներ են յաճախելու: Յոյս ունեմ, որ իմ դստրերը եւս նման բարերարութիւններով բարձր են պահելու իրենց ծնողների ճակատը», ասաց Էդիկ Մեջլումեանը, շնորհակալութիւն յայտնելով պատկան իշխանութիւններին, սոյն առիթը իրենց ընձեռելու համար:
Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ Գրիգոր արք. Չիֆթճեանը հեռախօսով եւ ապա անձամբ հանդիպելով Մեջլումեան բարերար ընտանիքին, թեմի անունից բարձր գնահատանք արտայայտեց բոլորին, այս պարագային յատկապէս տէր եւ տիկին Սաքօ եւ Անաշէ Մեջլումեաններին, որոնք իրենց երիտասարդ տարիքին խոր հաւատք ունեն Իրանում հայ ժողովրդի բարենպաստ ներկայութեան եւ բարերար դերակատարութեան. «Ձեր ծնողքը տէր եւ տիկին Էդիկ եւ Սանդրա Մեջլումեաններ, ուրմիահայ մեր համայնքին կատարած եկեղեցաշինութեան եւ հայոց դպրոցին նկատմամբ մնայուն հոգածութեան նուիրեալ աշխատանքներից բացի, իրանցի մեր քոյրերի ու եղբայրների կրթական-ուսումնական կեանքի վերելքին իրենց նպաստն են բերել: Այսօր դուք հետեւում էք ուղիղ նրանց օրինակին», ասաց սրբազան հայրն՝ աւելացնելով որ «մի պահ չեմ ուզում պատկերացնել, Ուրմիայում բացակայութիւնը այս մեծ ու ազնուական գերդաստանին… ինչքա՜ն դժուար էր լինելու մեր աշխատանքը բոլոր մակարդակների վրայ. իսկ այժմ այնքան հեզասահ ընթանում է ամէն ինչ»:
Յայտնենք, որ տէր եւ տիկին Սաքօ եւ Անաշէ Մեջլումեաններ Ուրմիայի հայոց Ս. Ստեփանոս ծխական եկեղեցու «Արամ Մանուկեան» սրահի հիմնական վերանորոգման բարերարութիւնը եւս ստանձնել են, իրենց հանգուցեալ մեծ մօր Վարդանուշ Մեջլումեանի յիշատակին, որի հանդիսաւոր բացումը մօտ ապագայում կատարուելու է:
«ԱԼԻՔ»