Վրացահայ Արմէն Բայանդուրեանը Մրցանակի Արժանացած է

Թբիլիսիի Պետրոս Ադամեանի անուան պետական հայկական դրամատիկական թատրոնի գեղարուեստական ղեկավար Արմէն Բայանդուրեանը վրաց թատրոնի օրուայ առիթով` վրաց գիր-գրականութեան զարգացման գործում ունեցած աւանդի համար արժանացել է Սանդրօ Ախմետելիի անուան մրցանակի:
Յունուարի 14ը նշւում է վրացական թատրոնի օր, որը կազմակերպւում եւ իրականացւում է Վրաստանի թատերական միութեան գործիչների եւ մշակոյթի նախարարութեան կողմից:
Պետրոս Ադամեանի անուան պետական հայկական դրամատիկական թատրոնի գեղարուեստական ղեկավարը Jnews-ի հետ զրոյցում ասաց, որ այս տարի այդ միջոցառումն անցկացուել է Վրաստանի գրողների միութեան տանը, որին հրաւիրուած էին թատրոնների ղեկավարները, թատերական գործիչների միութեան վարչութեան անդամները, գրողներ, հայ եւ վրաց մտաւորականներ եւ այլք:
«Ամէն տարի այսպիսի պարգեւատրումներ է իրականացւում եւ մեր թատրոնը ստացաւ շատ գնահատելի մրցանակ, որը կոչւում է Սանդրօ Ախմետելիի անուան մրցանակ, այն տրուել է թատրոնի գեղարուեստական ղեկավարին վրաց գրականութիւնն ու տրամադուրգիան մատուցելու համար եւ որպէս մրցանակի պատճառ նշուել է «Սպիտակ Դրօշներ» ներկայացումը: Սա թատրոնի յաջողութիւնն է, որի համար շատ ուրախ ենք», ասում է նա:
Պետրոս Ադամեանի անուան պետական հայկական դրամատիկական թատրոնը 168 տարեկան է: Այն հիմնադրուել է 1856ին: Հաւլաբարում գտնուող ներկայիս շէնքում թատրոնը սկսել է գործել 1936ից: 1921 թուականի Մայիսի 1ին թատերախումբը ստացել է պետական թատրոնի կարգավիճակ եւ կոչուել Ստեփան Շահումեանի անուամբ, սակայն 1991ին թատրոնը վերանուանուել է, եւ մինչեւ օրս հանդէս է գալիս որպէս Թբիլիսիի Պետրոս Ադամեանի անուան պետական հայկական դրամատիկական թատրոն անուամբ:
ԼԻԴԱ ԱԼՄԱՍԵԱՆ
Աղբիւր՝ jnews.ge