ՍԱԿԱՒ ՔՈՒՐՄԵՐ ԵՐԿՐԱՒՈՐ

 

 

 

 

գիշերն է որ սկիզբ չունի

 

և կը նստի ուսերուդ

 

իր անողորմ

առընչութեամբ

 

 

 

դուն գիտես որ այս դուռը

երբեք պիտի չբացուի

 

վարէն անցնողները պիտի լսեն ագռաւներուն կռինչը

և սարսափով վեր նային

 

 

 

լեռան մէջքին բացուած վէրքի մը պէս է

զոր ագռաւները կը գիշատեն

ամէն օր

 

 

 

 

ինչե՜ր կ՚ըսեն այս գիրերը ամէն անցնող դարձողին

 

 

աստուածներու սակագինն է

քու ամէն մէկ մեղքիդ դիմաց

 

 

 

նախ չմոռնաս որ Իշպուինին որ որդին է Սարդուրի

և Մենուան որ որդին է Իշպուինի Արքային

իրենք են որ

 

այս դռները կառուցեցին

անառիկ ու անթափանց

 

և վրան ալ գրեցին

պարզ ու յստակ

 

 

որպէսզի

 

հաշիւները չխառնես

վերջին պահուն

 

 

 

 

այսպէս գրուած է դրան վրայ սեպ գիրերով

շիտկէ-շիտակ

 

 

ուրիշ ինչ որ լսած ես սուտ է

 

 

ատ գողթնեցի գուսաններուդ անկապ ու փուճ

թուելեաց երգերը

 

 

վրաս գրէ

 

 

 

Զոհաբերութեան Օր ըսուածն ալ ուրիշ բան չէ

եթէ ոչ

 

հաշուեյարդարի

քու հանգրուանդ

 

քու կեանքիդ

այս կէտին վրայ

 

 

 

նախ և առաջ դնես պիտի

ինչպէս կ՚ըսեն

 

քու ատ սրտէդ

 

 

բխածը

 

Խալդիի

Տէյշեբայի

և Արդինիի միասնական

 

պնակին

 

 

 

յետոյ

 

մէկ-մէկ

եւ ամէն մէկը առանձին

 

նայէ որ

 

պատշաճօրէն կամքը տեսնես

 

 

ըստ հաստատուած

 

օրէնքներուն նայիրեան

 

 

և ժամկոչին և լուսարարին կողմնակին ալ

չմոռնաս

 

 

 

զոհես պիտի Խալդիին վեց մատաղ գառ

 

և տասնը եօթը արջառ

 

և երեսուն չորս

ոչխար

առանց ծպտուն հանելու

 

 

Տէյշեբային վեց արջառ և տասնը երկու ոչխար

և չմոռնաս Արդինիին բաժինը

 

ան է որ կը դիւրացնէ ամէն բան

գրէ քովդ

 

չորս արջառ

և ութ ոչխար

 

 

 

 

յետոյ կու գան Բիայնայի միւս աստուածները

մէկիկ-մէկիկ

 

 

հոս գրուած են բոլորին անունները

իրենց ճշգրիտ հատուցաբաժիններով

 

և

 

ամէն ինչ ըսուած է տեղնուտեղը

 

չես շուարիր

մի վախնար

 

 

 

ի՞նչ ըսել է քիչ մը շատ է

ի՞նչ ըսել է մասնավճար

 

 

ամէն ինչ կանխիկ է հոս

և լիագումար

 

կենաց մահու խնդիր կայ վերջապէս

 

 

մենք ընդամէնը այստեղ քուրմ ենք էֆէնտիմ

կը ծառայենք յանուն մեծաց

 

Մուսասիրի ջոջերն են որ կը ճշտեն

 

օրուան սակը

 

 

 

 

 

ո՞ւր էր խելքդ երբ

 

մեղքերու մէջ լայնարձակ կը լողայիր

մէկ զգայարանդ միւսին խառնած

մէկը միւսը ուռճացնող

մէկ յաւերժով չկշտացող

հատ մը ևս վաւաշելով

 

և խմելով

 

 

 

մինչև մրուրը

 

այդ սափորին

 

մինչև կոկորդդ թաթխուած

 

չափ ու սահման որո՞ւն կ՚ըսես

 

 

 

ատ քու ճոխ օրերու Ծիր Կաթինդ

գնա մանրէ

լումայափոխ

Աւետիսին

խանութը

 

և բերնիդ համով

 

սա պարտքդ տուր

վերջանանք

 

 

 

ո՛չ

 

այս դրան ետին Մհեր անուն մէկը չ՚ապրիր

ատանկ մէկը մենք չենք տեսած

ապուշ-ապուշ խօսքեր մ՚ըներ

Նաւասարդի աս տօնին

մեր ջիղերը խանգարելով

 

 

ասոր աստեղը Բիայնա է

աստեղերը ուր որ դառնաս Խալդ է ու Խալդ

այս հողը միշտ ալ այսպէս պիտի մնայ

ան երբեք պիտի չկարծրանայ

և հաճիս աստեղերը հայկազուններ մի փնտռեր

 

 

չհաւնեցա՞ր

 

ելիր գնա Արմէ Շուպրիա

 

Դաւիթ երգէ Մհեր երգէ

ուզածիդ չափ

լիահագագ

ձայնաթաղանդներդ պատռտելով

 

 

 

եւ ատ ի՞նչ խօսք էր որ Հայրիկդ

 

(ան ալ կուտէն հասած զտարիւն բիայնացի)

 

ատ ի՞նչ խօսք էր որ

գորգոռաց

Ռուսաց Ցարի պատգամաբերին

հին մահակը

 

ձեռքին մէջ ոլորելով

 

 

և փրկելով մեր բոլորին պատիւը

յաւիտեանս յաւիտենից

 

և առանց հաշուի առնելու մեր հողին կացութիւնը

որ միշտ փափուկ է

 

 

 

բանալիները չե՛մ յանձներ

 

չե՜մ յանձներ

լսեցի՞ր

 

ահա շէյթան

ահա մէյտան

 

Աս խտա՛ր

 

 

Կարօ Արմենեան

Օգոստոս 11, 2021

Մըքլէյն