Ալիսիա Կիրակոսեան (1936 – 2014) – Սփիւռքահայ անուանի բանաստեղծուհի:

Ծնած է Արժանթինի Քորթոպա քաղաքին մէջ: Կրթութիւնը ստացած է Պուէնոս-Այրէսի համալսարանին մէջ, հետեւելով իրաւաբանութեան ճիւղին: 10 տարի խաղցած է թատրոններու մէջ։ 1968-ին փոխադրուած է Լոս Անճելըս (ԱՄՆ)։ 1993 թուականին Պրազիլի Սան Փապլօ համալսարանին մէջ փիլիսոփայութեան գծով պաշտպանած է դոկտորական ատենախօսութիւն՝ գրականութեան մարզը։

Սկիզբը իր բոլոր բանաստեղծութիւնները գրած է սպաներէնով եւ անգլերէնով: Յետոյ սորված է հայերէն եւ սկսած է հայերէնով ալ ստեղծագործել: Եղած է ԱՄՆ-ի սպանախօս գրողներու միութեան պատուաւոր նախագահ: Ան ՀՀ ԳԱԱ-ի պատուաւոր դոկտորի կոչում ունի:

Իր բանաստեղծութիւններու առաջին գիրքն է՝ «Մեկ օրուան մէջ հինգ ձայն», լոյս տեսած է 1966-ին։ Իսկ Հայ ընթերցողը զինք ճանչցաւ 1967-71 թուականին. Բանաստեղծ Վահագն Դաւթեանի հրաշալի թարգմանութեամբ հրատարակուեցաւ «Արմատ եւ էութիւն» բանաստեղծութիւններու ժողովածոն /թարգմ.սպաներէնէն/, 1972 թուականին. Սփիւռքի հայութեան համար նոյն գիրքը վերահրատարակուեցաւ, (1967, իտալերէն), «Հայաստանեան ապրումներ» (1970), «Բանաստեղծութիւններ» (1972) ժողովածոնները։ Անոր «Փետրօ Ամօր» (1969) ներկայացումը ներկայացուած է Պուէնոս Այրես «Փայրոյ» թատրոնին մէջ։

Իր կարգ մը բանաստեղծութիւնները երգի վերածուած են. օր. «Քո աչերի հետ, ես յաւերժական զրոյց եմ արել, եղել եմ սակայն ուրիշ մաշկը մէջ»:

Իր բանաստեղծութիւններուն մէջ տիրող թեմաներն են՝ Սէրը, մայրութիւնը, հայրենիքը, բոլորն ալ փիլիսոփայական- խոհական ոճով:

Ան գերտարածական կոչուող բանաստեղծական շարժման (1969) հիմնադիրն է (տեսութիւնը հրապարակած է սպաներէն, հայերէն եւ անգլերէն՝ 1992-ին)։

Կիրակոսեան այցելած է Սովետական Հայաստան (առաջին անգամ 1967-ին), եւ մի քանի տարի ետք գրած «Նամակ առ Հայաստան» բանաստեղծութիւնը։ Իր վերջին շրջանի գործերուն մէջ անդրադարձած է հայաստանեան պատմական իրադարձութիւններուն։

Արժանացած է մրցանակներու՝ Խաչատուր Աբովեանի անուան մրցանակ, Մովսէս Խորենացիի Մետալ (2012):

Հեղինակն է՝ Սպաներէն՝ «Մեկ օր, հինգ ձայն» (1966), «Էութիւն եւ Կետադրութիւն» (1967), «Փետրօ Ամոր» (1969), «Ժամանակի, սիրոյ, խաղաղութեան մեջ» (1970), «Երկուքի ոլորտ» (1972), «Հակաշխարհ» (1972), «Մոխիրներէն յետոյ եւ նամակ առ Հայաստան» (1972), «Մայրութեան քերթուածներ» (1989)

Հայերէն՝ «Արմատ եւ Էութիւն» (1967), «Նամակ առ Հայաստան» (1979), «Խորան I» (1992), «Խորան II» (1992), «Անդենական զրոյցներ» (1992), «Ամբողջական երկեր» (2005, ներառուած են «Հարցազրոյց Աստուծոյ հետ», «Սիրոյ մէկուկէս հազարամեակ» գործերը)

Անգլերէն՝ «Սէր եւ մայրութիւն բառերէն այն կողմ» (1992), «Մտորում բառէն այն կողմ» (1992), «Արմատ բառէն այն կողմ» (1992), «Բեմ՝ երկնքի համար» (1992)

եռալեզու՝ «Բանաստեղծութիւն եւ գերտարածութիւն» (1994), «Խաղաղութիւն քուանտային» (2005):

Սպաներէնով հեղինակած իր գիրքերէն մի քանին նկարազարդած է Փիքասոն:

Ալիսիա Կիրակոսեանը քանիցս այցելած է Հայաստան, ուր արժանացած է ջերմ ընդունելութեան:

Մահացած է Լոս Անճելոսի մէջ 2014-ին:

Քանի մը նմոյշ Ալիսիա Կիրակոսեանի անմահ ժառանգութենէն.-

I
Ես նա եմ նաեւ,
Որ տարբերում է պաչը համբոյրից,
Ինչպէս սիրողին՝ սիրահարուածից,
Եւ մահացումը՝ մեռնելուց:
Իրօք.
Ի՞նչ է իմ գործը,
Եթէ ոչ ջոկել
Ո՛չ թէ կեղծիքը ճշմարտութիւնից,
Այլեւ տարբերել սուտը կեղծիքից,
Ճիշտը` ճշմարտից եւ ճշգրիտից,
Գութը` խղճալուց…
Իսկ երբ ես շատ եմ ինքս ինձ նման,
Այսինքն՝ բարձր ինքս ինձանից,
Ես տարբերում եմ մուժը մշուշից.
Ու մառախուղից մէգն եմ տարբերում:
Տարբերում նաեւ
Բախտաւորութիւն ու երջանկութիւն,
Ոճիր ու յանցանք։
Ու երբ ես շատ եմ ինքս ինձ նման,
Այսինքն՝ բարձր ինքս ինձանից,
Զարմանալի բան –
Ես` Տարբերողս,
Բնա՜ւ ամէնքից ինձ չեմ տարբերում…

II
Եթէ ես յանկարծ խլէի ցաւդ,
Կը դատարկուէիր,
Ու ես ինքս ինձ տխուր կը զգայի:
Թէ չլինէիր դու հէնց վիշտն ինքը,
Ես քո մէջ երբեք ինձ չէի տեսնի,
Ու մենք խօսքերի կարիք կը զգայինք…
Այս լռութիւնը շատ է կարեւոր,
Քանզի լռութիւնն աւելի լաւ է լսելի լինում:
Ու երբ մտքերս են ընդհատւում մի պահ,
Անկումն եմ լսում քո արցունքների:
Եւ զգացմունքի ուղիղ կենտրոնում
Հանդիպում ենք մենք:

III
Վախենում եմ «սէր» բառը ասել,
Զի նախազգում եմ,
Որ սիրուց անդին ամայութիւնն է…
Եւ վախենում եմ, որ սէրը միայն բառ լինի,
Ու ես ճաշակեմ բառն այդ ու քաղցած մնամ:
Ու ես ինքս ինձ օգնում եմ հիմա,
Որ այս աշխարհում պահպանեմ սէրը,
Որ ամէնքինն է ու իմն է միայն:
Եւ դա համարեայ այն միակ բանն է,
Որ իմն է միայն:
Ես վախենում եմ դարձեալ ու դարձեալ,
Որ սէրն աշխարհում ամէն ինչ լինի,
Որ սէրն աշխարհում չլինի ոչինչ…

 

***

Քո աչքերի հետ
Ես յաւերժաբար զրոյց եմ արել,
Սակայն եղել եմ ուրիշ մաշկի մէջ,
Ուրիշ երկրի մէջ
Ուրիշ մի վայրում…
Բայց իմ զրոյցը քեզ հետ է եղել,
Քո աչքերի հետ:
Դու նա ես, որն իր բացակայութեամբ
Դատարկ է թողնում իմ էութիւնը:

Նա, ով արարուեց,
Որ ունայնութեան այս մթնոլորտում
Մենակ չմնամ:
Դու նա ես,
Ով ինձ ուրիշ մի դարում
Ասաց՝ սպասիր…
Սակայն այս դարում,
Ների՛ր, չեմ կարող
Արդէն սպասել…

Այնպէս եմ ուզում
Անունդ թողնել
Կէսգիշերային
Աւազի վրայ,
Որ լուսաբացին
Նա արտացոլուած
Լինի ցօղերում,
Մինչեւ քեզ հասնի
Ձայնիս մշուշով պարուրուած խօսքս…

Ու ես փախչելով
Հին լռութիւնից,
Կ՛ընդունեմ իսկոյն
Սիրոյ հրամանն անխուսափելի:

ԱԼԻՍԻԱ ԿԻՐԱԿՈՍԵԱՆ