ՀԲԸՄը Եւ Մատենադարանը «Արցախի Եւ Ուտիքի Ձեռագրական Ժառանգութիւնը» Հրատարակել Են
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան (ՀԲԸՄ) եւ Մեսրոպ Մաշտոցի անուան Մատենադարանի համատեղ ջանքերով հրատարակուել է «Արցախի Եւ Ուտիքի Ձեռագրական Ժառանգութիւնը» ուսումնասիրութիւն-պատկերագիրքը: Գրքի համահեղինակներն են արուեստագիտութեան դոկտոր-պրոֆեսոր Հրավարդ Յակոբեանը, բանասիրական գիտութիւնների թեկնածու Թամարա Մինասեանը եւ պատմական գիտութիւնների թեկնածու Վահէ Թորոսեանը:
Պատկերագրքի հրատարակութիւնը իրականացուել է ՀԲԸՄի Լորենս Թերզեանի անուան հիմնադրամի նիւթական աջակցութեամբ` ՀԲԸՄ Արցախեան թեմաներով հետազօտութիւնների դրամաշնորհային ծրագրի շրջանակում, որի նպատակն է հետազօտութիւնների միջոցով հանրութեանն իրազեկել Արցախի պատմութեան, մշակոյթի եւ առկայ խնդիրների մասին: Լուսահոգի պարոն Թերզեանը Նիւ Եորքի համալսարանի անգլերէնի դասախօս էր եւ բազմաթիւ գրքերի եւ աւելի քան 200 հրատարակուած յօդուածների հեղինակ, որոնցից շատերը հայ գրողների եւ գրականութեան մասին են:
Գիրքը բացառիկ արժէք է` նպաստելու Հայաստանի երկու պատմական նահանգների` Արցախի եւ Ուտիքի, մշակութային ժառանգութեան միջազգային ճանաչմանը: Այս գաւառները դարեր ի վեր եղել են աստուածաբանական, պատմական, կրթական եւ ծիսական անթիւ ձեռագրերի օրրան, որոնց մեծ մասն այժմ պահպանւում է Մատենադարանում: Համահեղինակների համատեղ ջանքերի արդիւնքում գիտականօրէն ապացուցուել է նշուած նահանգներում հայկականութեան բազմադարեայ գոյութիւնը:
Գիրքը բաղկացած է երեք մասից եւ արտացոլում է Արցախ եւ Ուտիք պատմական նահանգների պատմութիւնը, ներկայացնում է շրջանի գրչատներն ու կրթական կենտրոնները, որոնք գործել են վանական համալիրներին կից, ինչպէս նաեւ բացայայտում է 13-18րդ դարերում ստեղծուած պատկերազարդ ձեռագրերի պատկերագրական առանձնայատկութիւնները: «Արցախի եւ Ուտիքի ձեռագրական ժառանգութիւնը, որպէս այդ նահանգների պատմութեան եւ մշակութային ժառանգութեան ներդաշնակ մաս, հարուստ է բազմաթիւ քրիստոնէական ճարտարապետական կոթողներով, յուշարձաններով, խաչքարերով, եւ միջնադարեան աշխարհիկ կառոյցներով, որոնք մենք պարտաւոր ենք պահպանել եւ փոխանցել սերունդէ սերունդ», նկատում է գրքի խմբագիր, պատմական գիտութիւնների դոկտոր-պրոֆեսոր Կարէն Մաթեւոսեանը:
Մինասեանի համոզմամբ` ներկայիս քաղաքական եւ տարածաշրջանային զարգացումների կիզակէտում, երբ հարեւան պետութիւնները ջանք չեն խնայում կեղծել պատմութիւնը եւ հայկական մշակութային ժառանգութիւնը վերագրել իրենց` ներկայացնելով այն որպէս աղուանական հարստութիւն, գիտականօրէն ապացուցուած այս բացայայտումները արդիւնաւէտ զէնք կարող են ծառայել ցանկացած ապատեղեկատուութեան դէմ: Եւ եթէ նրանց փորձերը փոքրիշատէ յաջողութեան են հասնում մեր պատմական յուշակոթողները ոչնչացնելով, ապա ձեռագրական ժառանգութեան դէպքում նրանց նոյնն անել չի յաջողուի: «Յատկապէս ձեռագրերի յիշատակարանները բացառիկ աղբիւրներ են, որոնք, անկասկած, ապացուցում են հայերի դարաւոր ներկայութիւնն Արցախում եւ Ուտիքում», յաւելում է նա:
«Արցախի Եւ Ուտիքի Ձեռագրական Ժառանգութիւնը» պատկերագրքի հրատարակութիւնը ՀԲԸՄ Արցախեան թեմաներով հետազօտութիւնների դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացուած 18 ծրագրերից մէկն է: Գրքի շնորհանդէսի ընթացքում ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգէն Եակուբեանն անդրադարձաւ ծրագրի առաքելութեանը՝ ասելով. «Արցախեան 44օրեայ պատերազմը ցոյց տուեց, որ միջազգային հանրութիւնը թիւր պատկերացում ունի Արցախի պատմութեան եւ, մասնաւորապէս, մշակութային ժառանգութեան վերաբերեալ: Դրամաշնորհային ծրագրի նպատակն է անդրադառնալ Արցախի պատմութեան բոլոր շերտերին եւ միջազգային հանրութեանը զինել գիտականօրէն ապացուցուած եւ անաչառ փաստերով: Մատենադարանը` որպէս հին ձեռագրերի եւ սկզբնաղբիւրների գլխաւոր պահոց, այս նախաձեռնութիւնն առաջ մղելու հիմնական յենասիւներից մէկը կարող է լինել»:
ՀԲԸՄի եւ Մատենադարանի ղեկավարութիւնները վստահեցնում են, որ շարունակական ջանքեր կը գործադրեն, որպէսզի պատկերագիրքը լայնամասշտաբ տարածում գտնի Հայաստանի սահմաններից դուրս գիտական շրջանակներում եւ նպաստի հայոց պատմութիւնը կեղծելու դէմ պայքարին: Պատկերագիրքն արդէն շրջանառւում է Եւրոպայում, իսկ հեղինակներն էլ հետազօտութեան արդիւնքները մեծ խանդավառութեամբ ներկայացնում են տարբեր միջազգային գիտաժողովներում: «Պատկերագիրք-ուսումնասիրութիւնը կը ներկայացուի ոչ միայն Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւններում, այլեւ, որ աւելի կարեւոր է, կ՛ուղարկուի օտար երկրների դեսպանատներին, միջազգային (յատկապէս մշակութային ուղղուածութեան) կառոյցներին, ինչպէս նաեւ աշխարհի առաջատար գիտակրթական կենտրոններին ու համալսարաններին: «Վստահ ենք, որ այս աշխատութեամբ Արցախ-Ուտիքի հարուստ մշակութային ժառանգութիւնն աւելի ճանաչելի կը դառնայ աշխարհում», յաւելում է Մատենադարանի տնօրէն Վահան Տէր Ղեւոնդեանը: