Կրթաթոշակ` 44օրեայ Պատերազմում Վիրաւորուած 71 Ուսանողի
Հայ Կրթական հիմնարկութեան (ՀԿՀ) յանձնախմբի որոշման համաձայն, արցախեան 44օրեայ պատերազմի ընթացքում վիրաւորում ստացած 71 ուսանողներ, ոչ մրցութային կարգով, կը ստանան կրթաթոշակ` ուսման ամբողջ վարձի տեսքով:
Ստացուած յայտերը դիտարկելիս ՀԿՀն հաշուի չի առել ոչ համալսարանը ու մասնագիտութիւնը, եւ ոչ էլ վարձերի չափը: Իսկ 177 այլ ուսանողի, ովքեր եւս 44օրեայ պատերազմի մասնակից են, կրթաթոշակ կը տրուի արդէն ըստ հարցազրուցային փուլի արդիւնքների:
Հայ Կրթական հիմնարկութիւնն այս տարի եւս կը շարունակի վճարել դեռեւս 2021-2022 ուսումնական տարուայ ընթացքում հովանաւորուած վիրաւորում ստացած 73, պատերազմի մասնակից 116 ուսանողների ամբողջական վարձերը:
Յունիսի 4ին կայացած միջոցառման ընթացքում, յատուկ այս առիթով Ամերիկայից ժամանած հովանաւորների, յանձնախմբի անդամների ձեռամբ վիրաւորում ստացած ուսանողներին յանձնուեցին շնորհակալագրեր` հայրենիքին մատուցած ծառայութիւնների համար:
Հայ Կրթական հիմնարկութեան երեւանեան գրասենեակի տնօրէն Արմին Հարոյեանն իր խօսքում նշեց, որ ՀԿՀն կրթաթոշակառուներից մէկ պահանջ ունի` ուսումնական գործընթացում ունենալ բարձր առաջադիմութիւն, որպէսզի երաշխաւորուի յետագայ համագործակցութիւնը:
Միջոցառման ընթացքում ելոյթ ունեցան յանձնախմբի անդամները, յայտնեցին իրենց շնորհակալութիւնը տղաներին` հայրենիքի նուիրեալ պաշտպանները լինելու համար: Տղաները եւս յայտնեցին շնորհակալական խօսքեր:
44օրեայ պատերազմի ընթացքում վիրաւորում ստացած ուսանող եւ այս ծրագրի շրջանակներում ՀԿՀ կրթաթոշակառու դարձած Արման Կարապետեանը նշեց, որ մեծ բեռ է ընկնում իրենց ուսերից, քանի որ այսպէս աւելի շատ կը կարողանան կենտրոնանալ ուսման արդիւնաւէտութեան վրայ:
Միջոցառումը լուսաբանուել է տեղական բազմաթիւ լրատուամիջոցների կողմից, որոնցից մէկին կարող էք ծանօթանալ այս յղմամբ:
Հայաստանում ու Արցախում սովորող ուսանողներին օգնելու համար խնդրում ենք կապ հաստատել ՀԿՀ գրասենեակի հետ` զանգահարելով (818) 242-4154 համարին, կամ գրելով`aef@aefweb.org էլ. հասցէին:
Իւրաքանչիւր ուսանողի համար հովանաւորչութիւնը կազմում է 1000 ամերիկեան դոլար (4 տարի ժամկէտով):
(Թղթակցութիւնը՝ հիմնարկութենէն)