Հայոց Լեզուի եւ Գրականութեան Վկայական Լոս Անջելեսի Հանրային Քոլեջից
Լոս Անջելեսի Համայնքային քոլեջն այսուհետ հայոց լեզուի եւ հայ գրականութեան վկայական կը շնորհի տուեալ դասընթացն աւարտողներին: Իրողութիւնը բացառիկ է նրանով, որ կրթական այս հաստատութիւնը Միացեալ Նահանգների ամենամեծ՝ ինը համայնքային քոլեջների շրջանին պատկանող առաջին ու դեռեւս միակն է, որ հաստատել է հայոց լեզուի ծրագիրը՝ վկայականի տրամադրումով: Ուրախալի եւ կարեւոր առիթը նշելու համար, Լոս Անջելեսի հանրային քոլեջի աշխատակազմի անդամները, որոնց ջանքերով հնարաւոր դարձաւ նախաձեռնութեան իրականացումը, Մայիսի 25ին կազմակերպել էին հայոց լեզուին ու հայ մշակոյթին նուիրուած տօնական ձեռնարկ:
«Վերջապէս, այն հսկայական աշխատանքը, որ կատարուեց մեր ուսանողների եւ դասախօսների կողմից, տուեց իր ցանկալի արդիւնքը: Լոս Անջելեսի հանրային քոլեջը իր դռները բացեց նաեւ հայոց լզուի առջեւ՝ տալով մեր ուսանողներին հնարաւորութիւն ոչ միայն սովորել եւ արժեւորել աշխարհի հնագոյն եւ հարուստ լեզուներից մէկը, նաեւ՝ ճանաչել հայ գրականութիւնը, մշակոյթը: Այսօր նշում ենք ծրագրի համար վկայագրի հաստատման օրը, ինչի առիթով շնորհաւորում եմ բոլորիս: Որպէս մաքառումների պատմութիւն ունեցող ժողովուրդ մենք շատ լաւ գիտենք լեզուի ու մշակոյթի պահպանման կարեւորութիւնը՝ յատկապէս օտար ափերում, եւ գիտենք երախտապարտ լինել այն երկրին, որ մեզ ընձեռնում է կրթուելու եւ գործելու լայն հնարաւորութիւններ՝ միաժամանակ ընդունելով մեր ազգային ինքնութիւնը: Այսօրուայ միջոռացումն այդ յարգանքի վառ ապացոյցն է», ձեռնարկի բացմանն իր խօսքում նշեց Լոս Անջելեսի Համայնքային քոլեջն հայկական ամբիոնի ղեկավար, հայոց լեզուի պրոֆեսոր Ալվարդ Ուզունեանը, ում կազմակերպական ջանքերի շնորհիւ հնարաւոր դարձաւ ծրագրի իրականացումը: Նա երախտագիտութիւն յայտնեց քոլեջի նախագահ Մարի Գալահերին, Ակադեմիական Սենատի նախագահ Միքի Հոնգին, ում հսկայական աջակցութեամբ իրականութիւն է դարձել ծրագրի կեանքի կոչելը: Նրանք էլ իրենց ելոյթներում ընդգծեցին Լոս Անջելեսի հանրային քոլեջում հայկական դասընթացի կարեւորութիւնն ու դերը:
Վկայականի հանդիսաւոր ձեռնարկի մասին քոլեջի մուտքի մօտ աւետում էր հայկական ազգային հագուստով հայ պարմանի ու պարմանուհու պաստառը, որ ստեղծել էր արուեստագէտ Արփի Գիրգորեանը: «Լոս Անջելեսի գլխաւոր գրաւչութիւններից է բազմազանութիւնը, միմեանց մշակոյթներին ծանօթացումը, լեզուն եւ գրականութիւնն էլ այն միջոցներն են, որ միաւորում են մարդկանց սրտերը: Այսօր ականատես ենք այս քոլեջի այն ուղերձին, որ բոլորը հաշուի են առնւում եւ բոլոր մշակոյթները պէտք է ներկայացուած լինեն», իր խօսքում նշեց Գրիգորեանը՝ պատիւ համարելով, որ իրեն վստահուած է լինել նշանակալի ծրագրի մաս:
«Այս գեղեցիկ քոլեջը գտնւում է մի վայրում, որտեղից սկսուել են Կալիֆորնիայում հայ համայնքի արմատները՝ հայերն առաջինը հաստատուել են Հոլիվուդում, եւ այստեղ է, որ ունենք Փորքրիկ Հայաստանը: Այսօր մեր համայնքի համար չափազանց ուրախալի առիթ է, որ Լոս Անջելեսի հանրային քոլեջն էլ հաստատեց հայկական ծրագրի վկայականը», յայտնեց համայնքի ակտիւ գործիչներից Պայծառ Թոմասեանը՝ կենտրոնական եւ արեւելեան Լոս Անջելեսի ընտրաշրջանից Կալիֆորնիայի խորհրդարանի Ծերակոյտի անդամ Մարիա Էլենա Դուրազոյի ներկայացուցիչը, եւ երախտագիր յանձնեց քոլեջի ղեկավարներին: Ծրագրի անհրաժեշտութեանն անդրադարձաւ եւ իր ուրախութիւնը ներկաների հետ կիսեց նաեւ Լոս Անջելեսի քաղխորհրդի անդամ Միթչ Օֆերելի՛ ներկայացուցիչ Ջորջ Յակոբեանցը:
Ձեռնարկի պաշտօնական մասի աւարտին յաջորդեց հայկական մշակոյթին նուիրուած իւրատեսակ տօնախմբութիւն: Վահան եւ Անոյշ Շամլէան Ազգային վարժարանի սաները, որ մեծ ոգեւորութեամբ ներկայ էին միջոցառմանը՝ հայկական շուրջպարով շարունակեցին բարձր տրամադրութիւն հաղորդել մասնակիցներին: Նրանց շուտով միացան նաեւ կրթօջախի ներկայացուցիչները՝ հայկական ժողովրդական պարի իրենց մեկնաբանութեամբ:
Միջոցառմանը ներկաներն ու քոլեջի ուսանողները հնարաւորութիւն ունեցան նաեւ ծանօթանալու հայ արտադրողների ապրանքատեսակների, ճաշակելու հայկական խոհանոցի բարիքներից: «Արցախ Մարկետ» կազմակերպութեան տաղաւարներում ներկայացուած էին Հայաստանում պատրաստուած չրեր ու մուրաբաներ, հայ արտադրողների քաղցրաւենիքներ, օճառներ ու մոմեր, հայոց լեզուն զարգացնող, մշակոյթին եւ պատմութեանը ծանօթացնող գրականութիւն, հայկական մշակոյթի տարրերով արուեստի գործեր:
Լոս Անջելեսի Համայնքային քոլեջի՝ Ժամանակակից լեզուներ եւ քաղաքակրթութիւններ բաժանմունքի ներքոյ գործող հայկական ծրագիրն, ըստ ստեղծողների, լաւագոյն առիթ է նաեւ Միացեալ Նահանգներում ծնուած հայ երիտասարդների համար ընդլայնել իրենց գիտելիքները հայոց լեզուի եւ պատմութեան, գրականութեան ասպարէզում: