Հիւսիսային Պողոտայ
Բաժակ մը ջուր
սիկարեթ մը
կէս ժամ յետոյ
գաւաթ մը սուրճ
ժամ մը, երկու
սիկարէթներ
տաս սիկարեթ
և նոյն ջուրը
և նոյն սուրճը
աժան հաճոյք
թանկ «կաֆեյում»
«մէսիջ» ու «տեքստ»
iPhone-7-ը բարձր բռնած
որ երևնայ
զբաղ զբա՜ղ գործի վրայ
հեռախօսազանգեր
զբաղ
ու սիկարեթ
արդէն քսան
նոյն բաժակը
ու նոյն սուրճը
Համոն անցաւ Արփին անցաւ Ավոն անցաւ Արմանն անցաւ Այտան անցաւ
Անին անցաւ Լիանան անցաւ Ավոն նորից անցաւ Համոն էլ…
ո՞վ ինձ տեսաւ
թանկ «կաֆեյում»
Մոխրամանն է որ կը յորդի
գլանիկի ծայրերով
բայց իր սիրտը դեռ չի յորդիր
իր սրտմաշուք խաբկանքով
Պառաւ մուրացկանը ձերքն կ՛երկարէ մայթէն
երևելի
աներևո՛յթ
Վերջին հաշուով
հոս նստիլն է կարևոր
տեսնուիլն է
մայթին այս կողմ
և ոչ այն կողմ
ու հաւատալ
ու ձևացնել
բոլորն անցան
և վերջապէս
օ՛րը անցաւ…
վարձքդ կատա՛ր
Արթուր ջան
Վահան Զանոյեան
Յուլիս 2017
(Անտիպ)